Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԳԽ-ի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Բնագիտական ու մաթեմատիկական ուղղություններով հանրակրթական ավագ դպրոցի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև այս ոլորտում տարածել ԵՊՀ հետազոտահեն կրթության ավանդույթներն ու մշակույթը։
Մենք ակնկալում ենք, որ «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը» ոչ միայն նպաստելու է աշակերտների շրջանում բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, այլև իրականացնելու է համակարգային բարեփոխումներ հանրակրթության ոլորտում ուսուցման որակի բարելավման, ինչպես նաև կրթական մրցունակ համակարգի կառուցման միջոցով»,- գրել է նա։