Պարզվում են 2022 թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Paradise hotel հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները:
2022 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Դեպքի վայր հանդիսացող Paradise hotel հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:
Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Իրականացվում են ապացուցողական, վարութային գործողություններ, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և ենթադրյալ հանցանք կատարած անձին (անձանց) պարզելու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: