2023-ը, ըստ դանիական Saxo Bank-ի կանխատեսումների, փոփոխություններով լի տարի կլինի. բանկը հրապարակել է, իրենց բնորոշմամբ, 10 «ցնցող կանխատեսումները»: Դրանց շարքում է, օրինակ, էներգետիկ ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանն ուղղված ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների նախագիծը՝ հաշվի առնելով էներգակիրների գների աճը: Ըստ բանկի, նոր նախագծում ներդրումները կհասնեն մեկ տրիլիոն դոլարի:
Համաշխարհային գնաճը կազդի նաև ֆինանսական շուկայի վրա՝ վստահ են դանիական բանկի վերլուծաբանները:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Էս կանխատեսումներով բերում են նրան, որ ԿԲ-ներն, ըստ էության, չեն կարողանում պայքարել, մինչև վերջ հասնել ինֆլյացիայի դեմ պայքարի իրենց հանգրվանին և նոր գործիքակազմի, թե գների վերահսկման որոշակի քաղաքական գործիքների ներդրման է գնում:
Այս կոնտեքստում բանկի վերլուծաբանները կարծում են, որ 2023-ին ֆինանսական բարդ գործիքներում ներդրումները կնվազեն, փոխարենը կաճեն ավանդական ու ապահով ակտիվներում: Օրինակ՝ ոսկին հաջորդ տարի կդառնա ավելի պահանջված, ինչի արդյունքում թանկարժեք մետաղը գրեթե կրկնակի կթանկանա՝ մեկ ունցիայի դիմաց 1800-ից հասնելով 3000 դոլարի:
Էդգար Աղաբեկյան - Էստեղ կարևոր է դիտարկել էն գործընթացները, որոնց համատեքստում իրենք կանխատեսում են ոսկու կամ այլ ապրանքների գները, էնտեղ իրենք ճապոնական իենի մասին են խոսում և այլն, այսինքն՝ էդ արժույթների և ակտիվների գների փոփոխություն, պիտի հասկանանք, թե ինչպիսի միջավայրում են իրենք տեսնում: Եվ ամենաշեշտվածը նրանց վերլուծությունների մեջ, հիմնական բանը պատերազմական տնտեսությունն է և նոր գործիքակազմն ու նոր շրջադարձերը էս առումով:
Բանկը կարծում է, որ մյուս տարի առնվազն մեկ երկիր գործնական քայլեր կկատարի կլիմայի փոփոխության դեմ պայքարում, 2025-ից կբարձրացնի մսամթերքի արտադրության հարկերը, 2030-ից առհասարակ կհրաժարվի մսի ներքին արտադրությունից՝ ստեղծելով նոր այլընտրանքային սնունդ՝ բուսական հիմքով: Սա կարող է ազդել նաև տնտեսական զարգացումների վրա: Համաշխարհային զարգացումները կարող են ազդել նաև մեր երկրի տնտեսական կյանքի վրա:
Էդգար Աղաբեկյան - Հնարավոր զարգացումները տնտեսության վրա մի կողմից գնաճն է, այսինքն՝ գնաճի դեմ պայքարը ինչպիսին կլինի ամբողջ աշխարհում, որովհետև գնաճի մի մասը, էսպես ասած, արտաքին ճնշումների հետևանքով է: Մյուս կողմը մեզ համար նաև ներքին պահանջարկի փոփոխություններն են, մենք սպասո՞ւմ ենք պահանջարկի նույն տեմպերով մեծացում:
Saxo Bank-ի ցնցող կանխատեսումների շարքում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ հետագայում վերադառնալու ակնկալիքով, Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ, ինչպես նաև Եվրոպայի միասնական զինված ուժերի ստեղծումը, որի համար առաջիկա 20 տարիների ընթացքում ԵՄ-ն 10 տրիլիոն եվրո կծախսի: Այս կանխատեսումները կառուցված են մի շարք անհավանական, թերագնահատված իրադարձությունների վրա, որոնք, եթե տեղի ունենան, կցնցեն ֆինանսական շուկաները: Մինչև օրս դանիական այս բանկի սցենարներից ոչ մեկը կյանքի չի կոչվել, բայց դրանք հայտնվում են աշխարհի տարբեր պարբերականներում: