«3+3» ՀԱՐԹԱԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ
«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկայումս շարունակվում են «3+3»-ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Դատելով մասնակիցների տրամադրվածությունից՝ հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,- ասել է դիվանագետը։
Նա համոզմունք է հայտնել, որ «3+3»-ը պահանջված հարթակ է՝ հիմք ընդունելով մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերը։
Գոնչարն ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը:
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում: Դա կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,- ասել է դիվանագետը։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում ձերբակալել է Եվրախորհդրարանի հույն պատգամավոր Եվա Քայլիին, որը զբաղեցնում է կառույցի փոխնախագահի պաշտոնը՝ հաղորդում է DW-ն: Եվրապատգամավրի ձերբակալությունը տեղի է ունեցել Կատարի կողմից հնարավոր կոռուպցիայի հետաքննության շրջանակում։ Բրյուսելում այս գործով ընդհանուր առմամբ 5 մարդ է ձերբակալվել։ Քայլին Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության անդամ է: Ավելի վաղ քաղաքական ուժը հայտարարել էր նրան հեռացնելու մասին։ Ձերբակալված պաշտոնյան Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մեկն էր, որը վերահսկում էր Կատարի աշխատաշուկայի իրավիճակը, որտեղ իրավապաշտպանները նշել են Ասիայից և Աֆրիկայից աշխատանքային միգրանտների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին:
Եվրախորհրդարանը Կատարից պահանջել է բարեփոխումներ, որոնց շնորհիվ իրավիճակը պետք է բարելավվեր։ Նշվում է, որ Քայլին Կատարի աշխատանքի նախարարի հետ հանդիպումից հետո՝ նոյեմբերի 22-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, դրական գնահատական է տվել երկրի աշխատաշուկայի բարեփոխմանը:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՌԴ-ՆԱՏՕ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Նորվեգիայի NRK հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։
«Վախենամ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից», - ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է՝ Ուկրաինայի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միայն հզոր Ուկրաինան կարող է ապահովել խաղաղություն, այդ պատճառով է Արևմուտքը ռազմական աջակցություն ցուցաբերում Կիևին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ իրավիճակը հանգուցալուծվի, Ռուսաստանը և նախագահ Պուտինը պետք է ընդունեն, որ Ուկրաինան պետք է մնա «անկախ և ժողովրդավարական երկիր Եվրոպայում:
ՆՈՐ ԿՈՐԾԱՆԻՉԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԻՆՉԵՎ 2035 Թ.
Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան միավորել են հաջորդ սերնդի ռեակտիվ կործանիչների նախագծերը՝ Եվրոպան և Ասիան ընդգրկող նորարարական գործընկերության մեջ: Դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի առաջին խոշոր արդյունաբերական պաշտպանական համագործակցությունը՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերության շրջանակից դուրս: Գործարքը նպատակ ունի կործանիչը շահագործման հանձնել մինչև 2035 թվականը,- հայտնել էր Reuters-ը: Ըստ փորձագետների՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Ճապոնիայի ու Թայվանի շուրջ Չինաստանի ռազմական ֆոնին համաձայնագիրը կարող է օգնել Ճապոնիային դիմակայել իր մեծ հարևանի աճող ռազմական հզորությանը: