Պետական բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի տարեկան հավաքագրման պլանը 11 ամսում կատարվել է 90.4 տոկոսով: Հունվար-նոյեմբերին պետբյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 712 մլրդ դրամ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 21.4 տոկոսով, 2020-ից ավելի է 37.7, իսկ 2019-ից՝ 30.3 տոկոսով:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Հարկային հավաքագրումների տեմպը բավականին բարձր է և համահունչ է տնտեսական զարգացումներին: Մենք հունվար-նոյեմբերով մոտավորապես 21 տոկոս հարկային եկամուտների աճ ենք արձանագրել: Եթե նայում ենք մեր տնտեսական զարգացումներին, մոտավորապես նույն ցուցանիշն էր նաև հունվար-հոկտեմբերով, որի հետ կարող ենք համեմատել տնտեսական զարգացումների տեսակետից, և, ընդհանուր առմամբ, տնտեսական զարգացումները ևս էստեղ համադրելի են:
Գործարար համայնքի ներկայացուցիչները նկատում են՝ տարին բարենպաստ դասավորվեց Հայաստանի համար զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված:
Սամսոն Գրիգորյան (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ) - Իմ կարծիքով՝ սա շատ մեծ դեր խաղաց առևտրաշրջանառության և ընդհանրապես գումարի շրջանառության վրա Հայաստանում, սրա պատճառով էլ ունենք հարկային նման հավաքագրումներ: Հիմնական շահույթ ստացողները, իմ կարծիքով, առևտուրն է, մթերային առևտուրը, հանրային սննդի ոլորտը և բոլոր ծառայությունների ոլորտները՝ հյուրանոցներ, ժամանցի վայրեր և այլն:
Սովորաբար, մեր երկրում հարկերն ավելի առաջանցիկ տեմպով են աճում, քան տնտեսությունը, այս տարի կարծես միտումն այլ է: Մասնագետները որպես պատճառ մատնանշում են, որ այս տարի տնտեսությունում աճում են այնպիսի ճյուղեր, որոնք, գուցե, մեծ ծավալի հարկեր չգեներացնեն:
Նարեկ Կարապետյան - Օրինակ՝ արտահանման բավականին լավ ցուցանիշներ ունենք, որը ՀՆԱ-ի ավելացում է ենթադրում, բայց Հայաստանում արտահանումը չի հարկվում... Միաժամանակ, կարող ենք ունենալ նաև այլ ոլորտների աճեր, որոնք ավելի քիչ հարկվող են՝ օրինակ ՏՏ ոլորտում աճերը մեր հարկային օրենսգրքով ավելի քիչ են հարկվում:
Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը գործարարների համար խնդիրներ չի ստեղծում, տարիներ առաջ, բյուջեն ապահովելու համար, կար հարկերի գերավճար վերցնելու պրակտիկա, հիմա չկա՝ նշում է Սամսոն Գրիգորյանը:
Սամսոն Գրիգորյան - Դա ոչ միայն իմ կարծիքն է. հավաքում եմ կարծիքներ բոլոր գործընկերներից, և բոլորը միաբերան նշում են, որ նման գործիքակազմ այլևս չի կիրառվում, ասեմ ավելին՝ ավելացված արժեքի հարկը բոլորին վերադարձվում է ժամանակին, էս առումով բավականին գովելի տենդենց եմ տեսնում:
Պետությունը, ի դեպ, 11 ամսում եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձրել է ավելի քան 36 մլրդ դրամ:
Տարեվերջին թե՛ մասնագետների, թե՛ գործարար համայնքի սպասելիքները մեծ են, քանի որ դեկտեմբերն ամենաակտիվ ամիսն է համարվում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան