Հայկական արտադրանքը կրկին Գլենդեյլում է։
«Հայ-ամերիկյան գործարար կամուրջ» նախագիծը, Հայ-ամերիկյան առևտրի պալատի հետ գործակցելով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ՝ Միացյալ Նահանգներ են բերել հիսունից ավելի հայկական ընկերության արտադրանքն ու ծառայությունները։ Ընկերություններից երեքը Արցախից են։
Մարիամ Մանուկյան («Հայ-ամերիկյան գործարար կամուրջ» նախագծի ղեկավար) - Չրարտադրությունից մինչև գինիներ, կոյնակ, պահածոներ, տեքստիլ, ձեռքի աշխատանքներ գորգագործություն, ծառայություններ մատուցող ընկերությունները ևս ներկայացված են՝ IT տեխնոլոգիաներ, բեռնափոխադրում, բժշկական ոլորտ: Մենք ներկայացրել են Հայաստանի ներուժը բոլոր ոլոտներում, այդ թվում և տուրիզմը, նաև՝ Արցախի։
Սա այս տարվա երկրորդ գործարար կամուրջն է։ Կազմակերպիչները նշում են, որ առաջինին մասնակցած ընկերությունների մի մասը գործընկերներ են գտել և արդեն ապրանքներ են արտահանում Լոս Անջելես։
Արմեն Վարդանյան (Հայ-ամերիկյան գործարար խորհրդի ներկայացուցիչ) - Ունեցանք արդյունքներ, կնքվեցին տասնյակին մոտ պայմանագրեր, այս պահին ներմուծման աշխատանքներ են ընթանում և կարիք եղավ երկրորդը կազմակերպելու: Սա ավելի մեծ է ծավալներով և ավելի շատ ընկերություններ են:
Հայկական հոծ բնակչություն ունեցող Գլենդեյլի քաղաքային իշխանությունը քաղաքապետարանի բակն էր տրամադրել հայկական արտադրանքի երկօրյա ցուցադրության համար։ Քաղաքապետն ասում է՝ սա հեռանկարային շուկա է Հայաստանի համար։
Արտաշես Քասախյան (Գլենդեյլի քաղաքապետ) - Հետաքրրիր մի բան է տեղի ունենում այսօր ամերիկյան շուկայում. շատ բաներ տարածված են, օնլայն գնումներ են անում, բայց երբ նայում ես մարդկանց հագածը, յուրահատուկ բաներ չկան էլ, իսկ մարդիկ գնալով ուզում են ավելի յունիք բան ցույց տան, որ ունեն: Ինչ կարող է ավելի յունիք լինել, քան Հայաստանի կամ Արցախի ձեռագործը, գինին կամ ինչ էլ լինի. ինչ որ արտադրում են, անում են հոգով, քրտինքով, ջանքով, այսինքն՝ շատ որակով է ապրանքը։
Էլեն Ասատրյան (Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ) - Կարծում եմ՝ մեր պարտականությունը պետք է լինի իրենց կապել ոչ միայն համայնքի խանութների, այլև ամերիկյան բիզնեսների հետ:
Մեկշաբաթյա այցի ընթացքում հայաստանցի գործարարները կայցելեն տեղի ընկերություններ՝ ծանոթանալու ու գործընկեր գտնելու։
Հայկական ապրանքի ցուցադրությունից բացի կկազմակերպվի և համաժողով, որին կմասնակցեն նաև տեղական ընկերություններ։ Հայ գործարարներն ակնկալում են ամրապնդել գործընկերային կապերն ամերիկյան շուկայում։