Հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ «Անադոլու Քյուլթուր» կազմակերպությունը հարցազրույց-քննարկումների շարք է նախաձեռնել։ Նոյեմբերի 29-ին Ստամբուլում կայացավ շարքի երրորդ քննարկումը՝ «Հանդիպում-երկխոսություն-հույս. Թուրքիայում բազմազանություն և Հայաստանի հետ մշակութային համագործակցություն» խորագրով։ Հանդիպման մասնակիցները ներկայացնում էին համատեղ նախագծերի իրենց փորձը, Հայաստան-Թուրքիա մշակութային երկխոսության հարցում շեշտում «Անադոլու Քյուլթուր»-ի հիմնադիր, գործարար Օսման Քավալայի ներդրումը: 2017 թվականից նա անազատության մեջ է, և չհիմնավորված մեղադրանքներից մեկը 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչությունն է: Բանախոսներից Բուրջու Յըլդըզի համագործակցությունը հայկական երաժշտության շրջանակներում է եղել։
Բուրջու Յըլդըզ (երաժշտագիտության դոկտոր, երաժիշտ, Ստամբուլի տեխնիկական համալսարան) - Դոկտորական թեզի շրջանակում հետազոտում էի, թե հատկապես 1915-ից հետո Թուրքիայում հայկական երաժշտական ավանդույթն ինչպե՞ս է բնորոշվում, ինչպե՞ս է հիշվում։ Այդ աշխատանքների շրջանակներում «Անադոլու Քյուլթուր»-ի հետ աշխատելու հնարավորություններ ունեցա։ 2010-ից ի վեր «Անադոլու Քյուլթուր»-ը Կոմիտաս Վարդապետի երաժշտությանը նվիրված միջոցառումներ՝ հատկապես համերգներ է կազմակերպում։ Ես էլ որպես կատարող մասնակից էի այդ համերգներին։
2010 թվականին Օսման Քավալայի խրախուսմամբ Յըլդըզը երեք պոլսահայ երաժիշտ և երաժշտագետների հետ սկսել է աշխատել «Կոմիտասի ժառանգությանը վերստին ձայն հաղորդել» վերնագիրը կրող նախագծի շուրջ։ Նպատակն էր բացահայտել Կոմիտասի դերը երաժշտական պատմության մեջ և հանրությանն իրազեկել անփոխարինելի արժեք ներկայացնող երգահանի ժառանգության մասին։
Բուրջու Յըլդըզ - «Երգարան» ձայնասկավառակը թողարկեցինք, որտեղ տեղ էին գտել Կոմիտաս վարդապետի բանահավաքչության արդյունքում մեզ հասած քրդերեն, հայերեն և թուրքերեն երգեր, որոնք մինչ այդ ձայնագրված չէին։ Կոմիտասի գրառած նոտաներից, գրառումներից կարողացանք ստեղծել երաժշտական կատարումները։ Բացի դրանից՝ Մել'սա Բիլալի հետ համատեղ թուրքերեն գիրք հրատարակեցինք՝ հիմնված Կոմիտասի ակադեմիական աշխատությունների վրա։ Դա Թուրքիայում նմանօրինակ առաջին աշխատությունն էր։
Թուրքիայում հանրաճանաչ նկարիչ Գրիգոր Սահակօղլուն «Անադոլու Քյուլթուր»-ի հետ համագործակցել է հայերին առնչվող տարբեր ցուցահանդեսների շրջանակներում։ Պատկերասրահը, որտեղ նրա գործերն են ներկայացված, մեծ տեղ է տալիս նաև Հայաստանցի տարբեր նկարիչների աշխատանքներին։
Գրիգոր Սահակօղլու (Պոլսահայ արվեստագետ) - Պոլսում Galeri 77 անունը կրող պատկերասրահի հետ եմ համագործակցում։ Այնտեղ ցուցադրվող գործերից 100-ից 70-ը կամ 80-ը Հայաստանցի արվեստագետներին, նկարիչների գործերն է ներկայացնում։ Հայաստանի արվեստի մակարդակը սքանչելի տեղ ունի։
Տարիներ շարունակ «Անադոլու Քյուլթուր»-ը հսկայական աշխատանք է կատարել Կարսի, Անիի, Մուշի հայկական մշակութային արժեքները բացահայտելու և պահպանելու գործում։ Հայաստանից և Թուրքիայից մասնագետների միացյալ խմբերի անդամ է եղել նաև ճարտարապետ Իսմայիլ Յավուզ Օզքայան, որը մեծ դերակատարում է ունեցել հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ նախագծերում:
Իսմայիլ Յավուզ Օզքայա (ճարտարապետ, Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի խորհրդի նախագահ) - Մշակութային ժառանգություն ստեղծողը, այն ներկայացնողը հասարակություններն են։ Թուրքիայում լքված մի շարք կառույցներ, տներ, գյուղեր կան։ Եվ այս ամենը թուրքերը չեն կառուցել։ Ինչպե՞ս ենք պահպանելու այս ժառանգությունը։ Այս հարցում գիտելիքի կարիք կա, կարիք կա միասին մտածելու՝ ինչպես պետք է վարվել։ Հետևաբար համատեղ աշխատանքն անհրաժեշտություն է։ Շատ կարևոր է Հայաստանի մասնագետների հետ համատեղ աշխատանք իրականացնելը։
Եզրափակիչ խոսքում քննարկումը վարող Թամար Նալջըն նշեց, որ «Անադոլու Քյուլթուր»-ը շարունակելու է Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցության հնարավորություններ ստեղծել՝ երկու երկրի միջև մշակութային կամուրջ կառուցելու համար։