Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 հիմնական դպրոցը նշում է մեկդարյա պատմությունը:
«Դպրոցը հիմնադրվել է 1921-22 թվականներին: Որպես այդպիսին՝ դպրոց չի եղել, այլ դասարան. Սախարովի հրապարակում՝ 4 սենյականոց բնակարանում, սովորել են տարբեր լեզուներով խոսող աշակերտներ: 1922 թ., երբ Գորկին այցելում է Երևան, զգում է, որ հասունացել է դպրոց ստեղծելու գաղափարը: 1932 թ. հիմնադրվել է արդեն Գորկու անվան դպրոցը՝ այժմյան 71 դպրոցի մասնաշենքի տեղում: Այնտեղ է Գորկին իր գլխարկը դրել որպես մասունք»,- ասում է դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը:
1962 թվականին դպրոցը տեղափոխվում է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող նոր մասնաշենք: Կտրուկ ավելանում է աշակերտների թիվը, որոնցից շատերը հետո պետք է դառնային անվանի գործիչներ: 4-րդ դպրոցի պատերի ներսում են կրթվել Խորեն Աբրահամյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ֆրունզե Դովլաթյանը և այլք:
Անկախության տարիներին դպրոցն անվանափոխվում է. կրթօջախն ավելի քան երեք տասնամյակ կրում է Լևոն Շանթի անունը: Դպրոցում այսօր սովորում է 440 աշակերտ:
Հոբելյանական միջոցառումներն ամփոփվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Երեկոյին ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ, հյուրեր:
«Դպրոցն իր ավանդույթներով կարևոր դեր է ստանձնել մեր կրթական համակարգում: Շնորհավորում եմ 100-ամյա հոբելյանը: Վստահ եմ, որ կրթօջախը, ընտրելով զարգացման ուղին, դեռ բազում հաջողություններ կգրանցի»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար դպրոցը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով: Մանկավարժական բազմամյա գործունեության և կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար դպրոցի մի շարք մանկավարժներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի: