ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ:
Արդյունքում, Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: