Հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը, որոնք Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության հետ ձևավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը։ Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Դա շեշտել են երեք երկրների ղեկավարները Սոչիի գագաթնաժողովում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մեր խաղաղապահների ջանքերի պահանջվածությունը», - հավելել է նա:
Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մանրամասն քննարկվել են երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և երեք երկրների միջև և տարածաշրջանում փոխադրումների կազմակերպման հարցերը։
Բացի դրանից՝ Գոնչարը տեղեկացրել է, որ Ռուսաստանն աշխատում է «Վերին Լարս» սահմանային անցակետի ընդլայնման ուղղությամբ:
«Վրացական կողմն իրականացնում է ավտոճանապարհային ենթակառուցվածքների արդիականացում, ներառյալ՝ Կրեստովի լեռնանցքի տակ գտնվող թունելի կառուցումը, մենք ընդլայնում ենք «Վերին Լարս» անցակետը: Պրոֆիլային ծառայությունները համակարգում են իրենց գործողությունները, որպեսզի թույլ չտան այդ տրանսպորտային զարկերակի թողունակության նվազում», - հավելել է դիվանագետը: