Հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» մեկնարկին հաշված ժամեր են մնացել: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատրաստ է ընդունել կախարդական տոնակատարությունը:
Նարե («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ) - Ես շատ ուրախ եմ, որ «Եվրատեսիլը» Հայաստանում է տեղի ունենում, հպարտանում եմ Մալենայով, որովհետև այս ամենն իր շնորհիվ է, այլ երկրներից բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել և երջանիկ եմ դրանով:
Միջազգային չափանիշներին համապատասխանող բեմ, գերժամանակակից լուսաձայնային տեխնիկա. 16 պատվիրակները վերջին փորձերն են անում գլխավոր ելույթից առաջ, փոքրիկ արտիստներն արդեն գտել են իրենց հաջողության բանալին:
Լունա («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Նիդերլանդների պատվիրակ) - Առաջին հերթին պետք է բավականություն ստանաս կատարումիցդ, որովհետև կյանքում մեկ անգամ է նման բան լինում:
Շանել Դիլեկտա («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իտալիայի պատվիրակ) - Ինձ թվում է՝ ամենակարևորը՝ պետք է զվարճանալ ու նաև բարի լինել:
Մասնակիցներից շատերի համար մեծ բեմում ելույթ ունենալու առաջին փորձն է, հուզվում են, բայց վստահ են՝ «Մանկական Եվրատեսիլն» ապագայում նոր դռներ կբացի իրենց առաջ:
Գայա Գամբուզա («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Մալթայի պատվիրակ) - Սա լավ հարթակ կդառնա մեզ համար զարգանալու ու կատարելագործվելու համար, ապագայում, երգով զբաղվելուց բացի, կուզեի լոգոպեդի մասնագիտությունն ուսումնասիրել:
Քեյթլին Գյատա («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Ալբանիայի պատվիրակ) - Ապագայում ուզում եմ մյուզիքլում խաղալ ու նաև երգել, մեծ բեմերում լինել ու իրականացնել երազանքս:
Արդեն գիտեն՝ այստեղից ինչ են տանելու:
Մարիամ Բիգվավա («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Վրաստանի պատվիրակ) - Ես գիտեմ, որ այս էմոցիաները, այս հույզերն ամենակարևորն են. ես հենց դա եմ տանելու ինձ հետ:
Լիսսանդրո («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Ֆրանսիայի պատվիրակ) - Ես կուզեի ինձ հետ լավաշ տանել, որովհետև դա անհավանական համեղ բան է, նաև կուզեի, որ այս հեքիաթը շարունակվեր Ֆրանսիայում:
Մարդկանց ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունն ամենից շատ են կարևորում մասնակիցները:
Ֆրեյա Սքայ («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ) - Իսկապես զարմանահրաշ քաղաք է Երևանը, Ամանորի լույսերը ֆանտաստիկ էին ուղղակի: Ապագայում շատ կուզեի նորից գալ Հայաստան:
Կարլոս Հիգես («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի պատվիրակ) - Եթե հնարավորություն ունենայի ընտրելու, կուզեի երգել մրցույթին հայերեն, շատ սիրում եմ Հայաստանը:
Մեր պատվիրակի խոսքով՝ մրցույթը հետաքրքիր է լինելու, բոլոր մասնակիցները լավն են ու ներկայանում են հրաշալի երգերով:
Նարե («Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ) - Թող հաղթի ուժեղագույնը, թող հաղթի լավագույնը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան