«3+3» ՀԱՐԹԱԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ
«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկայումս շարունակվում են «3+3»-ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Դատելով մասնակիցների տրամադրվածությունից՝ հրավեր կարող է ուղղվել նաև Վրաստանին»,- ասել է դիվանագետը։
Նա համոզմունք է հայտնել, որ «3+3»-ը պահանջված հարթակ է՝ հիմք ընդունելով մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերը։
Գոնչարն ընդգծել է, որՌուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը:
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում: Դա կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,- ասել է դիվանագետը։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՌԴ-ՆԱՏՕ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Նորվեգիայի NRK հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։
«Վախենամ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է՝ Ուկրաինայի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միայն հզոր Ուկրաինան կարող է ապահովել խաղաղություն, այդ պատճառով է Արևմուտքը ռազմական աջակցություն ցուցաբերում Կիևին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ իրավիճակը հանգուցալուծվի, Ռուսաստանը և նախագահ Պուտինը պետք է ընդունեն, որ Ուկրաինան պետք է մնա «անկախ և ժողովրդավարական երկիր Եվրոպայում:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է 364 ԱՀԱԲԵԿՉԻ
Թուրքական բանակը «Ճանկ, սուր» գործողության ընթացքում Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է 364 ահաբեկչի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա գործողությունն անվանել է վերջին տարիների ամենամասշտաբայինը։
Աքարի խոսքով՝ օդային և ցամաքային հարվածների հետևանքով ոչնչացվել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների տեղակայման վայրերը, պահեստներն ու թաքստոցները:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ տարեսկզբից ոչնչացվել է մոտ 4 հազար քուրդ զինյալ, իսկ 2015 թ. հուլիսից Թուրքիայում, Իրաքի հյուսիսում և Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 37 հազար ահաբեկիչ: