Մոսկվան արձանագրում է Արևմուտքի համառ ձգտումը՝ մխրճվելու Բաքվի և Երևանի հետ եռակողմ փոխգործակցության ձևաչափերի մեջ, ԱՄՆ-ը և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: ТАСС-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Որքան էլ Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձեն այլ բան ներկայացնել, դրա հետևում կանգնած է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը, այլ ոչ թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն իրապես և անկեղծորեն նպաստելը։ Հատկանշական է, որ Վաշինգտոնում և Բրյուսելում վախենում են նույնիսկ դրական կերպով հիշատակել Ռուսաստանին և ընդունել եռակողմ պայմանավորվածությունների առանցքային նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ նման տրամաբանությամբ է Ռուսաստանն ընկալում Հայաստանում ԵՄ ժամանակավոր մոնիթորինգային առաքելության գործունեությունը, ինչպես նաև «ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղղորդելու փորձերը՝ շրջանցելով կոնսենսուսի կանոնը»:
Գոնչարը նշել է. «Հենց ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ է հաջողվել կասեցնել սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի շրջանում լարվածության սրումը»: