9 քրեական վարույթ, որից 4-ն արդեն 8 անձի վերաբերյալ դատարանում է. 2022 թվականի 10 ամիսների անօրինական միգրացիայի վերջին տվյալներն են:
Լիանա Հակոբյան (ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Նշված վարույթներով 11 անձ ձերբակալվել է, որից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Վիզա ստանալու համար տարբեր մեխանիզմներ են գործի դրվում: Դրանցից մեկը արտասահման մեկնող մշակութային կամ սպորտային խմբերի ցուցակին անուններ ավելացնելն է:
Լիանա Հակոբյան - Մեկ այլ՝ ավելի տարածում գտած մեխանիզմը անօրինական միգրացիայի կազմակերպիչների հետ տարբեր տուրիստական կազմակերպությունների համագործակցությունն է, որոնք, իրենց շահագրգռվածությունից ելնելով, իրենց փորձը, ունեցած կապերը ներդնում են, որպեսզի նպաստեն անօրինական միգրացիայի կազմակերպմանը և ամեն կերպ նպաստեն վիզաների ստացմանը:
Դատախազի խոսքով՝ մուտքի կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կատարվում է երկու եղանակով:
Լիանա Հակոբյան - Մի դեպքում անձը կամ կազմակերպությունը, որն ստանձնել է միգրացիայի կազմակերպումը, ինքն է խոստանում համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել, պատրաստել, կազմել, այսպես ասած, փաթեթը, որը պետք է ներկայացվի վիզա ստանալու համար, և մեկ այլ դեպքում տվյալ անձը կամ կազմակերպությունը, որն իրականացնելու է միգրացիոն գործընթացը, ուղղորդում է քաղաքացուն, թե բովանդակությամբ կեղծ ինչ փաստաթղթեր և տեղեկություններ պետք է ներկայացնի:
Դատախազը նշում է, այս հանցատեսակի դեմ պայքարում կարևոր է քաղաքացի-իրավապահ մարմին գործակցությունը:
Լիանա Հակոբյան - Ինչի եմ շեշտադրումը կատարում այդ հանգամանքի վրա. որովհետև դա բավականին լատնետային հանցագործություն է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու կողմն էլ գործարքի, իրենց շահը ունեն:
Այս հանցագործության վերաբերյալ քննված քրեական գործերի գերակշռող մասը վերաբերել է Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ապօրինի ստանալուն:
Նախորդ 5 տարիների համեմատ այս հանցագործությունների վիճակագրությունը հետևյալն է.
2017-ին ազատազրկման է դատապարտվել 6 քաղաքացի, 2018-ին՝ 10: Դեպքերի աճ գրանցվել է 2019 թվականին՝ դատապարտվել է 24 մարդ: 2020-ին՝ 7 հոգի: 2021-ին անօրինական միգրացիայի 8 քրեական գործ է հարուցվել, տվյալները դեռ ամփոփման փուլում են: Այս արարքի պատժաչափը գործող նոր օրենսդրությամբ խստացվել է. նշված հանցավոր արարքի համար Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում 4-8 տարի ժամկետով, նախորդ օրենսդրության 3-7 տարվա փոխարեն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան