Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից կառանձնացվի և կդառնա առանձին մարմին, որն ուղիղ կենթարկվի վարչապետին:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ծառայության անմիջական ղեկավարումը կիրականացնի ծառայության պետը, որին կնշանակի երկրի վարչապետը, իսկ տեղակալին կնշանակի հանրապետության նախագահը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Տեղակալները լինելու են քաղաքացիական և ռազմական, քանի որ նախագահն է շնորհում ռազմական բարձր կոչումները, հենց այդ տեղակալին նշանակելու է նախագահը:
Կվերանայվեն նաև հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները. ԱԽ-ի առաջարկով ցմահ պետական պահպանություն այլևս չի տրամադրվի, սակայն օրենքը հետադարձ ուժ չի ունենա:
Արմեն Գրիգորյան - Հանրապետության պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում` 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս պետական պահպանության տրամադրումը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:
Օրենքն ընդունվելու դեպքում պետական պահպանություն կտրամադրվի նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամներին: Պետական պահպանության ենթակա անձինք՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահն ու նրանց ընտանիքի անդաները, կունենան ոչ թե անձնական բժիշկ, այլ գործող բժշկական կազմակերպություններում պետական բյուջեի միջոցների հաշվին կկատարվի նրանց բուժումը: Ի՞նչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել ԱԱԾ-ի կազմում՝ հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Արմեն Գրիգորյան - Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, և այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար։
Պետական ծառայության պահպանության աշխատակիցների աշխատավարձերի փոփոխություն կլինի: Ըստ ԱԽ քարտուղարի՝ աշխատում են մինչև 100 տոկոս բարձրացնելու ուղղությամբ: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: