Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Համատեղ լուսանկարման արարողությունից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նախ նեղ, հետո ընդլայնված կազմով նիստ է կայացել:
Սադիր Ժապարով (Ղրղզստանի Հանրապետության նախագահ) - Ողջունում եմ Ձեզ հյուրընկալ երկիր Ղրղզստանում, մենք շատ ուրախ են տեսնել եղբայրական պետությունների առաջնորդներին:
Վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում,- ելույթում նշել է Հայաստանի վարչապետը՝ նկատելով, որ այս իրավիճակն ազդում է Միության անդամ բոլոր պետությունների տնտեսական ցուցանիշների վրա: Վարչապետի խոսքով՝ Միության անդամները պետք է ջանքերը կենտրոնացնեն, որպեսզի առավելագույնի հասցնեն եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չնայած ստեղծված իրավիճակին՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։
ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԶԳԱՅՈՒՆ ԽՆԴԻՐ
Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից Հայաստանի ղեկավարը չափազանց կարևոր է համարել բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։ Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրաձայնել է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը՝ նկատելով, որ Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը շարունակում է զգայուն խնդիր մնալ։
Նիկոլ Փաշինյան - Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։ Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։ Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։
Վարչապետ Փաշինյանը փաստել է, որ հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների հետ բարձր մակարդակի աշխատանք է կատարել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրում: Հայաստանի ղեկավարն անդրադարձել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նիկոլ Փաշինյան - Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։
ՌԴ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2023-Ի ԵԱՏՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հաստատել է հավատարմությունը ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությանը: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները: ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին Ղրղզստանից նախագահությունն անցել է Ռուսատանի Դաշնությանը: Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև գազի գնին:
Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի նախագահ) - ԵԱՏՄ շրջանակում ապահովված է կենսական նշանակություն ունեցող բոլոր ապրանքների, այդ թվում՝ էներգետիկայի անխափան առևտուրը։ ԵԱՏՄ երկրներում էներգակիրների գներն արմատապես տարբերվում են Եվրամիության երկրների համապատասխան ցուցանիշներից։ Գազի գնի տարբերությունը 10 և ավելի անգամ է:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ընթացիկ տարում Միության շրջանակում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք ուղղված են մաքսային և վարչական խոչընդոտները վերացնելուն կամ մեղմելուն:
Հեղինակ՝ Անի Օհանյան