ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում նոր դեսպան ունի. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, 15-ամյա Մալենան միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ ընտանիքին՝ նշանակվելով ազգային դեսպան:
Մալենա - («Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան) - ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը ինձ կօգնի ավելի լավ ծանոթանալ Հայաստանի տարբեր ծայրերում գտնվող երեխաների խնդիրներին, և ես հուսով եմ, որ կօգնեմ նրանց տալ ավելի լավ լուծումներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենց համար առաջնահերթություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում երիտասարդների հետ աշխատելը, լսել նրանց առաջարկները՝ տարբեր խնդիրներ լուծելու համար:
Քրիսթինե Վայգանդ (ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ) - Մենք գիտակցում ենք, թե ինչ ստեղծագործական ներուժ ունեն մեր երիտասարդները: Երբեմն նրանց ձայնը լսելի չէ, նրանք ներգրավված չեն կարևոր գործընթացներում: Մենք մի շարք նախաձեռնություններ ենք իրականացնում՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային զարգացմանն ակտիվ մասնակից դարձնելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Առաջին ալիքի գործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Հայկական կողմի համար այս որոշումը կարևոր նշանակություն ունի:
Աննա Օհանյան («Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդակցության ղեկավար) - Մենք շատ ուրախ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը նման հրաշալի ընտրություն է կատարել, և այն հանրային ուշադրությունը պատանիների շրջանում մեր հաղթած երգչուհու հանդեպ կուղղվի ճիշտ և բարի նպատակների:
ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022»-ԻՆ
Հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել «Եվրատեսիլ 2022-»-ի մեր պատվիրակը՝ Ռոզա Լինը:
Ռոզա Լին («Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ) - Գրաֆիկն այնքան հագեցած էր, որ մտածում էինք` չեմ կարող ելույթ ունենալ Հայաստանում, բայց ես ամեն օր բոլորին ասում էի՝ ես պետք է գնամ Հայաստան, ես պետք է երգեմ, դա ուրիշ է, դուք չեք հասկանում և այլն: Վերջապես համոզեցի լեյբլին ու հիմա այստեղ եմ:
Համաշխարհային հիթ դարձած «Snap»-ը մրցույթից հետո Ռոզա Լինի հաջողության գրավականը դարձավ՝ սահմանելով մի շարք ռեկորդներ: Երգչուհու խոսքով՝ կես տարում իր կյանքը շատ է փոխվել:
Ռոզա Լին - Ես գործակցում եմ հեղինակավոր Կոլումբիա Ռեքորդսի հետ, տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ և հիմա աշխատում եմ իմ ալբոմի վրա: Հավատս չի գալիս, որ նույն ստուդիայում ամեն օր այդքան հայտնի մարդկանց հետ եմ հանդիպում, նրանք իմ իդեալներն են: Ալբոմը, կարծում եմ, պատրաստ կլինի 2023 թվականի գարնանը:
Առաջիկա ծրագրերից Ռոզա Լինը առանձնացնում է ևս մեկը:
Ռոզա Լին - Ինձ համար հաջորդ տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը լինելու է Էդ Շիրանի համերգներին ելույթ ունենալը: Ես միշտ ասում եմ, որ ինձ համար 2022-ը արդյունավետ տարի էր, հուսով եմ՝ 2023-ը էլ ավելի հաջողակ տարի կլինի:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին մեր երկիրը ներկայացնող Նարեի հետ ծանոթ է դեռ լսումների փուլից, ասում է՝ երգը լավն է, հայկական կողմը մեծ աշխատանք է կատարել, ինչի համար հպարտ է, իսկ մասնակիցներին խորհուրդ է տալիս.
Ռոզա Լին - Միավորները, զբաղեցրած տեղը նշանակություն չունեն, և ես ասածիս վառ օրինակն եմ: Հաճույք ստացեք ձեր ելույթից, ցույց տվեք ձեր ելույթով, որ սիրում եք երգել, որ սիրում եք ձեր երգը:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկին մնաց 2 օր:
Հեղինակ` Էլեն Սարգսյան