Սկզբում՝ ատաղձագործի հաստոցն է 3D գծագրով փայտը տաշում։ Հետո, երբ զարդանախշի փորագրությունն ավարտված է, գործի են անցնում ներկարարները՝ գույն, լաք, ծայրի մետաղական գլխիկ, և հոլը պատրաստ է։ Ապրանքի ամբողջ խմբաքանակը մակնշմամբ արդեն վաճառքում է։
Մոռացված ազգային խաղը երկրորդ շնչառություն և աշխարհով մեկ պտտվելու հնարավորություն ստացավ «Մանկական Եվրատեսիլի» շնորհիվ։
Հոլը Հայաստանում անցկացվող երգի միջազգային մրցույթի գլխավոր, բայց միակ պրոմո-ապրանքը չէ։ Շուկա են հանվել խաղալիքից մինչև կտորի տոպրակ, լոգոտիպերով թերմոսներից մինչև ձմեռային թևով ու անթև բաճկոններ․․․
Արամ Միքայելյան (Creativelab ընկերության հիմնադիր) - Ընդհանուր թվով կդժվարանամ ասել, բայց 35 տեսակ ապրանքներ՝ նոթատետրեր, թերմոսներ, տոպրակներ, հուդիներ:
Բոլորի վրա «Պտտիր հրաշքը» կարգախոսն է, գունային երանգը՝ հիմնականում կապույտը:
Հոլն ու «Մանկական Եվրատեսիլի» մյուս բոլոր պրոմո-ապրանքները արտադրվել են Հանրային հեռուստաընկերության պատվերով։
Աննա Օհանյան («Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի հաղորդակցության ղեկավար) - Մենք նախագծեցինք և արտադրեցինք հենց մեր բրենդինգի տեսքով հոլը՝ որոշակի քանակ արտադրվեց նվերների համար, որ տրվի մրցակիցներին, որոշակի քանակ հանվեց վաճառքի ցանցային խանութներում ու օնլան վաճառքի կետերում:
Հյուրերին արդեն հասել են իրենց հուշանվերային փաթեթները․ Հյուսիսային Մակեդոնիայի խմբի անդամները մարզահամերգայինում երկար չարչարվեցին հայկական խաղից գլուխ հանելու համար։ Ասում են՝ գեղեցիկ է, հետաքրքիր, տպավորիչ, բայց ձեռքի մեծ հմտություն է պահանջում։
Հայկական հոլը կիրակնօրյա միջոցառումից հետո Երևանից ուղղություն կվերցնի, հանդիսատեսին չհաշված, դեպի մրցույթի մասնակից աշխարհի 16 երկիր։
Ի դեպ, այն այստեղ կարճ ժամկետում սերունդների այնպիսի restart ապահովեց՝ արտադրողները թարմացրին հիշողությունը՝ մոռացված խաղը վերադարձնելով բակեր։