2022 թվականի նոյեմբերին մեկնարկել է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման փուլը: Այս փուլին, սակայն, նախորդել է երկար գործընթաց՝ անասնաբույժների, համաճարակաբանների վերապատրաստումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նրա խոսքով՝ ներդրվել և մշակվել է օնլայն համակարգ, որում գրանցվելու են բոլոր հաշվառված կենդանիների տվյալները:
«Համարակալման ծրագիրը առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը և արդյունաբերության զարգացմանը»,- ասաց Խոջոյանը:
Ըստ բանախոսի՝ որպեսզի կարողանանք ընդլայնել մեր շուկաները՝ անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք:
Ինչ վերաբերում է ֆերմերներին՝ փոխնախարարը նշեց, որ ծրագրի հաջող ավարտից հետո համապետական հաշվառմանը մասնակցած ֆերմերները ավելի հասանելի ֆինանսական ռեսուրսներ կունենան նույնականացման, կենդանիների գրավադրման հնարավորության շնորհիվ:
Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ թեև երկու երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում, հաշվառման համակարգի ներդրումը համագործակցության խոշորագույն բնագավառն է:
«Հաշվառման և համարակալման համակարգը նպաստում է կենդանիների առողջությանը, այն ապահովում է Հայաստանի բնակիչների սննդային անվտանգությունը: Սա նաև կբարձրացնի արտադրանքի թափանցիկությունը»,- հավելեց Կապերը:
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ փուլերով է իրականացվելու հաշվառման ծրագիրը:
Նրա խոսքով՝ հաշվառման ծրագիրը ներառելու է ոչ միայն ֆերմերային տնտեսությունների խոշոր եղջերավոր կենդանիներին, այլև ՀՀ-ում գտնվող բոլոր խոշոր եղջերավոր կենդանիներին:
Իր հերթին, ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուծության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը կարևորեց կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովումը:
Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան