Քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի դիտարկումն է: Այդ գործընթացում ևս մեկ քայլ առաջ է համարվում նաև նորաստեղծ հեռաբժշկության և բժշկական տվյալների վարման համակարգը, որն արդեն ներդրվել է բոլոր տասը քրեակատարողական հիմնարկներում: Դատապարտված կամ կալանավորված անձինք այսուհետ կկարողանան շատ արագ խորհրդատվություն ստանալ նույնիսկ նեղ մասնագետներից:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Սա թույլ կտա, օրինակ՝ երբ որ կարիք կա օպերատիվ արձագանք ունենալու և հրատապ հասկանալու` ինչ միջամտության կարիք ունի պացիենտը, անմիջականորեն կապ հաստատել մեկ այլ մասնագիտացման բժշկի հետ, որը կարող է լինել, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, և ըստ այդմ անմիջապես ստանալ համապատասխան բժշկի կոնսուլտացիան:
Նոր համակարգն ապահովելու է նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ բոլոր քրեակատարողական հիմնարկների համար արդեն գնվել և տեղադրվել են բժշկական սարքավորումներ, որոնք ապահովելու են նոր ծրագրի հասանելիությունը: Առանց էլեկտրոնային առողջապահական ծրագրերի արդեն անհնար է կառավարել համակարգը, շեշտում է առողջապահության փոխնախարարը:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Ծրագիրը էլեկտրոնային համակարգ է, որը հնարավոր է ինտեգրել էլեկտրոնային Արմեդ համակարգի հետ, և բոլոր տվյալները հնարավոր է փոխանցել մեկ համակարգից մեկ այլ համակարգ, և այստեղ մենք կարող ենք շատ արագ և օպերատիվ կազմակերպել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց բժշկական օգնության կազմակերպումը:
Հեռաբժշկության և բժշկական տվյալների վարման համակարգը կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո: