Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման մոնիթորիգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանն աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ մասնակցում են հակակոռուպցիոն միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Համաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի ամենամասշտաբային միջոցառումն է, որին մասնակցում եմ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային անդամակցող պետությունների, ոլորտային միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակությունների ավելի քան 2000 ներկայացուցիչներ։
Համաժողովի քննարկումների շրջանակը ներառում է հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, կրիպտոարժույթների կարգավորմանը և դրա միջոցով կոռուպցիայի կանխարգելմանը, փողերի լվացման կարգավորումների կատարելագործմանն ուղղված հարցեր, որոնց շրջանակում մասնակիցները կիսվում են լավագույն փորձով, քննարկում մարտահրավերներին դիմակայելուն ուղղված առաջարկները։