ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:
«Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում:
Ըստ էության ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար»,- ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց՝ Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
«Կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից: Ըստ այդմ՝ այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն: Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն»,- ասաց փոխնախարարը: