ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ԽԻՄԿԻՈՒՄ
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 18 հազար քառակուսի մետրի է հասնում, որից 7 հազար քառակուսի մետրում կրակը տեղայնացվել է: Վերջին տվյալով՝ կա 1 զոհ՝ շինարարական և կենցաղային ապրանքների հիպերմարկետի անվտանգության աշխատակիցը: ԱԻՆ-ի տվյալով՝ նա հայտնվել է այրված շինության փլատակների տակ:
Որպես հրդեհի հիմնական պատճառ դիտարկվում է լարերի կարճ միացումը, չի բացառվում նաև դիտավորյալ հրկիզման տարբերակը: Նշվում է նաև, որ պատճառներից մեկը եռակցման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտումն է: Ապահովագրողների համառուսաստանյան միության հաղորդմամբ՝ Խիմկիում հրդեհի վնասը կարող է կազմել 20-30 մլրդ ռուբլի։
ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ՝ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը շուտով կավարտվի: Այդ մասին նա հայտարարել է այդ երկրների ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ստոկհոլմը և Հելսինկին պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ: Նրանց զինվորականները ուս ուսի ծառայել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ Կոսովոյում և Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում»,- նշել է Բլինքենը, հավելել՝ երկու երկրներն էլ նշանակալի քայլեր են ձեռնարկել՝ կատարելու իրենց պարտավորությունները, այդ թվում՝ անվտանգային և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում Թուրքիայի մտահոգությունների հետ կապված:
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները ստորագրել է դաշինքի 30 անդամ երկիր, նրանցից 28-ը՝ վավերացրել»,- ասել է պետքարտուղարը:
Բլինքենը շեշտել է, որ այս գործընթացները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ հարցի չպետք է վերածվեն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը հասկանում է Անկարայի օրինական մտահոգությունները:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմն էլ տեղեկացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության գործընթացն առաջ է ընթանում: Նա հիշեցրել է, որ շուտով մեկնելու է Անկարա՝ շարունակելու Թուրքիայի հետ բանակցությունները։
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԼՑԱՆԱՎԵՐԻ ԽՑԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Թուրքական իշխանությունները կշարունակեն ապահովագրական փաստաթղթեր պահանջել նեղուցները հատող նավթատար լցանավերից՝ հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունից։ Կառույցը միևնույն ժամանակ հերքել է տեղեկությունները, թե Բոսֆորի մերձակայքում լցանավերի խոշոր խցանումներ են։
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիան արգելել է մի շարք լցանավերի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ։ Լրատվականի տվյալով՝ Անկարան, չցանկանալով խախտել Եվրամիության որոշումը, փոխադրողներից ապահովագրական փաստաթղթեր է պահանջում:
ԵՄ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 2 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Եվրամիությունն ու Ադրբեջանը ակտիվացնում են ներդրումների ավելացման և աշխատատեղերի ստեղծման շուրջ գործակցությունը: Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ կողմերը Տնտեսական ներդրումների ծրագրով հարցերով բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել։ Ծրագրի շրջանակում ԵՄ-ն Ադրբեջանին արդեն 90 մլն եվրո է հատկացրել՝ նախատեսված 2 մլրդ եվրոյից։