ԵԽ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, որտեղ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման ընթացքը, որոշումներ են կայացվել նաև Ադրբեջանի վերաբերյալ։
Նախարարների կոմիտեն կոչ է արել Բաքվին լրամշակել ԶԼՄ-ների մասին նոր օրենքը և համապատասխանեցնել այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Կոմիտեն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է նաև հետաքննել լրագրողների դեմ կատարված հանցագործությունները, ազատ արձակել դատապարտված մի շարք լրագրողների, այլ ակտիվիստների և վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքները։
2023-Ի ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 3.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի 2023 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն` ավելի քան 3,1 միլիարդ դոլար կհատկացվի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։
«Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդումը ղեկավարության առաջնահերթությունն է»,- մանրամասնել է նա։
Լրատվամիջոցների տվյալով՝ 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը ռազմական ոլորտին հատկացրել է 2,9 միլիարդ դոլար:
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌԴ-ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը տեղեկացրել է, որ Ստամբուլում կայացել է Մոսկվայի և Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը: Քննարկվել են, նրա ձևակերպմամբ, երկու երկրների հարաբերություններում «լարվածության խթանիչները»:
Ռյաբկովի խոսքով՝ անդրադարձ է եղել Ռուսաստանում և ԱՄՆ-ում կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին:
«Սա ամերիկացի գործընկերների հետ ավելի լուրջ հարցերով երկխոսությունը վերսկսելու քաղաքական ազդակ չէ»,- հավելել է նա, շեշտել՝ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները ծայրահեղ ծանր, ողբալի վիճակում են։
Ստամբուլում է նաև Գազպրոմի ղեկավարը։ Ալեքսեյ Միլլերը հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ, քննարկել Թուրքիա գազի մատակարարման և երկրում գազային հանգույց ստեղծելու հեռանկարները։
ՌԴ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ «ՄԻՐ»-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ռուսական «Միր» վճարային համակարգի այլընտրանքային տարբերակի մշակման ուղղությամբ: Նոր համակարգը կներդրվի մոտակա մի քանի ամսվա ընթացքում՝ տեղեկացրել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրենը։
«Թուրքիայի ֆինանսական համակարգի վրա արտասահմանյան կորպորատիվ ճնշման պատճառով «Միր» քարտերի սպասարկման հետ կապված խնդիրներ կան»,- ասել է Ալեքսեյ Եգարմինը։
Նա հավելել է, որ թուրքական հյուրանոցներում, ինչպես նաև մի շարք խանութներում այժմ հնարավոր է վճարել ռուբլով։
Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունից էլ հայտնել են, որ ղազախական բանկերը ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից «Միր» վճարային քարտերով գործարքներ իրականացնելու թույլտվություն են ստացել:
Գործակալության տվյալով՝ Վաշինգտոնը դեմ չէ, որ ֆիզիկական անձինք օգտագործեն ռուսական համակարգը կենսական կարևորության գործարքներ իրականացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ դրանք կվերահսկվեն՝ բացառելու հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերը։ ԵԱՏՄ անդամ երկրների բանկերը մասնակի կամ աբողջությամբ սպասարկում են «ՄԻՐ» վճարային համակարգը:
ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Էր Ռիադը և Պեկինը դիտարկում են Չինաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը։ Նրա խոսքով՝ կողմերը գործակցում են նաև «պարենային ու էներգետիկ անվտանգության խնդիրները» լուծելու համար, քննարկում մատակարարման շղթաների տարբերակները։
Սի Ծինփինն էլ տեղեկացրել է, որ Չինաստանը և Պարսից ծոցի արաբական երկրները համատեղ ներդրումային խորհուրդ և միջուկային անվտանգության կենտրոն կստեղծեն, Պեկինն էլ կշարունակի «մեծ քանակությամբ նավթ ներկրել» Պարսից ծոցի երկրներից։
Չինաստանի նախագահը արդեն 3 օր Ռիադում էր: Նա առանձին բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագավորի և Եգիպտոսի նախագահի հետ։