Կառավարությունն առաջարկում է ավելացնել խաղային ոլորտի՝ ինտերնետ շահումով խաղեր, տոտալիզատորներ, ինտերնետ տոտալիզատորներ, հարկային բեռը: Համապատասխան նախագիծը քննարկվեց Ազգային ժողովում:
«Գործող օրենսդրության համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի, որոնց ենթատեսակներ են համարվում նաև տոտալիզատորները և ինտերնետ տոտալիզատորները, կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրք:
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անգամ այս փոփոխությունները հաշվի առնելով՝ ոլորտում ստեղծվող նոր արդյունքի հարկման գործող կարգավորումները համարժեք չեն, ըստ այդմ՝ անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն: Մասնավորապես, սկսած 2017 թվականից ոլորտի ծավալներն անշեղորեն աճում են»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2017 թվականին խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 140 միլիարդ դրամ, 2018-ին՝ շուրջ 330 միլիարդ դրամ, 2019-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, ապա 2020-ին այս ցուցիչը մոտեցել է 2 տրիլիոնին, իսկ 2021-ին՝ 4 տրիլիոնին:
«2022 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով ունենք ավելի քան 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ խաղադրույքների ինտենսիվ աճը մտահոգիչ է: Այսպես, առաջարկվում է գործող լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքից նախատեսել նաև պետական տուրք խաղադրույքներ ընդունելու իրավունքը ձեռք բերելու համար, քվոտավորման տրամաբանությամբ:
«Մասնավորապես առաջարկվում է, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար լրացուցիչ 175 միլիոն դրամ, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները՝ յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի խաղադրույք ընդունելու համար վճարեն լրացուցիչ 50 միլիոն դրամ»,- ասաց Պողոսյանը: