ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ անվտանգային համակարգում իրականացվում են շրջադարձային բարեփոխումներ՝ ԱԱԾ-ից հանում են այն ծառայությունը և ծառայությունները, որոնք Ազգային անվտանգության ծառայության բուն գործառույթների մեջ չեն մտնում, և դրանով թեթևացվում է ԱԱԾ-ի բեռը:
«Բոլորիս հայտնի է, որ այդ ծառայությունը գերծանրաբեռնված ռեժիմով է այսօր աշխատում, և երկրորդ՝ կարևորվում է պետական պահպանության դերն ու նշանակությունը, և առանձին ստատուս տալով՝ ապահովվում է այս ծառայության զարգացումը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ տանել-չտանելուն, այս պահին էլ այդ ծառայության նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նույն լիազորություններն ունի, ինչ կլինի բարեփոխումներից հետո: Ուղղակի ծառայության նպատակահարմարությունից և ավելի արդյունավետ ծառայություն կազմակերպելու նպատակահարմարությունից է բարեփոխումն իրականացվում»,- նշեց Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության անջատումով ԱԱԾ-ին մնալու է սահմանադրական կարգի պահպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը և այդ ծառայության բուն գործառույթները:
«Իհարկե, նրանք, ավելի կենտրոնանալով իրենց բուն գործառույթների մեջ, ավելի արդյունավետ են լինելու և ավելի լավ արդյունքներ են գրանցելու: Սա պարզ տրամաբանություն է»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահներին պետական պահպանության ծառայության 7-10 տարով տրամադրմանը, Արմեն Խաչատրյանը ընդգծեց, որ որոշակի ժամկետից հետո վերանում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: