Դեղապահովման ծրագրով պետությունն անվճար դեղորայք տրամադրում է հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլոզի, ՄԻԱՎ-ի ախտորոշումների դեպքում:
Առողջապահության նախարարությունն այս տարի նշված հիվանդություններից 10-ի համար հատկացումը իրականացրել է 100%-ով, իսկ մյուս 2-ի դեպքում՝ 85:
Մարինե Հարությունյան (ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ) - Այսինքն՝ բժշկի կողմից նշանակվում է համապատասխան դեղը անհրաժեշտ դոզավորմամբ, ամբողջ քանակը, յուրաքանչյուր պացիենտին անհրաժեշտ քանակը պացիենտը ստանում է 100%-ով: Երբ որ նշում ենք 100%, և՛ քանակային ի նկատի ունենք, և՛ դեղապահովման ընդհանուր ծածկույթի մասին ի նկատի ունենք 100%:
Դեղապահովման ծրագրի շահառուների թիվը մոտ 171.000 է: 2022 թ. դեղապահովման համար հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ:
Մարինե Հարությունյան - Մենք ստանում ենք բազմաթիվ մարդասիրական օգնության դեղեր, որը ի լրումն այս դեղերի տրամադրում ենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ երբ որ ասում ենք 4 մլրդ, մոտ 100-200 մլն չափով էլ մենք ստացել ենք մարդասիրական օգնության դեղեր, այդ թվում՝ նաև չարորակ նորագոյությունների համար նախատեսված, և տրամադրվել է բուժհաստատություններին:
Տարիների ընթացքում շահառուներն ավելացել են, սակայն մահացության թիվը նվազել է: Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում մինչև 2020 թ.-ը նախարարությունը դեղապահովում չի իրականացրել: Այսօր նրանց տրամադրվում է եվրոպական արտադրության թանկարժեք դեղ, ինչի շնորհիվ ապրելիության բարձրացում է գրանցվել:
Շահառուների ամենամեծ տոկոսը, սակայն, կազմում են դիաբետ ունեցողները:
Մարինե Հարությունյան - Շաքարային դիաբետի 2010 թ.-ից մինչև 2020-21 թթ. վերլուծական ունենք, 2010 թ. բնակչության մահացության շրջանակներում դիաբետից մահացությունը եղել է 6-6.5%, և տարեցտարի 2021 թ. ցուցանիշը դարձել է 1.1%: Սա արդյունք է դեղապահովման բարձր մակարդակի, այսինքն՝ երբ որ 2018 թ. մեր դեղապահովման մակարդակը շաքարային դիաբետի մասով, այդ թվում նաև՝ երեխաներ, դեռահասներ, կազմել է մոտ 60 տոկոս, այս պահին մենք ունենք 100 տոկոս:
Դեղապահովման անընդհատությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է մնացորդային քանակների առկայություն. Կառավարությունն ընդունել է նախարարության առաջարկն ու այդ նպատակով ավելացրել ֆինանսավորումը:
Մարինե Հարությունյան - Այս պահին ոչ թե մեր պլանավորումն իրականացվում է 12 ամսվա համար, այլ 15 ամսվա համար, այսինքն՝ կենսական, կարևորագույն դեղերը, որոնք պացիենտի համար կյանքի և մահվան խնդիր են առաջացնում, ԱՆ-ն ունի համապատասխան պահեստավորված քանակ:
Մարինե Հարությունյանը նշում է՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում կունենան ծրագրում ընդգրկված հիվանդությունների անվանացանկի, նաև՝ դեղերի անվանացանկի ընդլայնում, բացի քանակային ապահովումից՝ նաև որակի բարձրացում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան