2022 թվականի առողջապահական նպատակային ծրագրերը հաստատելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով:
2022 թվականին անվճար կարգով դեղեր հատկացվել են 12 հիվանդությունների մասով, որոնցից 10-ի դեպքում հատկացումը իրականացվել է 100 տոկոսով, իսկ 85 տոկոսով ապահովվել են 2 մնացած հիվանդությունները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը:
Նա ներկայացրեց նաև հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում շահառուներին անվճար հիմունքներով դեղորայք է հատկացվում: Դրանք են՝ հոգեկան հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային և ոչ շաքարային դիաբետը, էպիլեպսիան, քրոնիկ երիկամային անբավարարությունը: Ձեռք են բերվում նաև մանկական հակաուռուցքային դեղեր և այլն:
«Նախարարության ձեռքբերումներից է 2020 թվականից վիրուսային հեպատիտ C ունեցող պացիենտներին դեղապահովման ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի 1000 պացիենտ ապահովվում է նորագույն սերնդի համապատասխան դեղով՝ ամբողջ կուրսի անհրաժեշտ քանակով»,- ասաց Հարությունյանը:
Կրծքագեղձի քաղցկեղի առաջին-երրորդ փուլերում գտնվող շահառուները ևս ստանում են բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակությամբ դեղեր. բանախոսի խոսքով՝ մոտ 17 սրվակ՝ տարվա ընթացքում: 2023-2024 թվականներին նախատեսվում է ֆինանսավորել այս պացիենտների համար նաև չորրորդ փուլը:
«Հետագայում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, եթե ոչ նոր հիվանդությունների, ապա ձեռք բերվող դեղերի անվանացանկի ընդլայնում կունենանք»,- եզրափակելով խոսքը՝ ասաց բանախոսը:
Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան