ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային:
Շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է, և արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան:
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչը երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության նոր էջ կբացի՝ հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա:
Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր: