2023-Ի ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 3.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի 2023 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն՝ ավելի քան 3,1 միլիարդ դոլար կհատկացվի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը՝ հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։
«Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդումը ղեկավարության առաջնահերթությունն է։ Պետական բյուջերի ծախսերի 16 տոկոսն ուղղվելու է այդ նպատակներին»,- մանրամասնել է նա։
Լրատվամիջոցների տվյալով՝ 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը ռազմական ոլորտին հատկացրել է 2,9 միլիարդ դոլար:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆՈՒՄԸ. REUTERS
Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը դադարեցրել է ռուսական հում նավթի գնումները թուրքական նավթավերամշակման գործարանի համար: Բաքուն ստիպված է եղել հրաժարվել ռուսական էժան նավթից՝ Արևմուտքի պատժամիջոցներից խուսափելու համար՝ գրում է Reuters-ը:
Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ծովային ճանապարհով ռուսական հում նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, ինչպես նաև սահմանվել է ռուսական նավթի առավելագույն գին՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց:
Թուրքիան չի միացել գնային շեմի որոշմանը, ռուսական ընկերությունները կարող են նավթ վաճառել Թուրքիային՝ շրջանցելով արևմտյան սահմանափակումները։
ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ ՌԴ-ԻՆ ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ ՉԷ. ՊԵՍԿՈՎ
Թուրքական իշխանությունները կշարունակեն ապահովագրական փաստաթղթեր պահանջել նեղուցները հատող նավթատար լցանավերից՝ հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունից։ Bloomberg-ը գրում է, որ ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիան արգելել է մի շարք լցանավերի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ՝ չցանկանալով խախտել Եվրամիության հակառուսական պատժամիջոցները:
Կրեմլը Անկարայի դիրքորոշման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Բոսֆորի նեղուցով նավթ տեղափոխող լցանավերի տեղաշարժի կանոնների խստացումը Մոսկվային շանտաժի ենթարկելու փորձ չէ:
«Շանտաժով զբաղվելը հիմարություն է, քանի որ դա ապակայունացնելու է համաշխարհային էներգետիկ շուկաները, իսկ Թուրքիան կախված է դրանցից»,- ասել է Պեսկովը։
ՌԴ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ «ՄԻՐԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ռուսական «Միր» վճարային համակարգի այլընտրանքային տարբերակի մշակման ուղղությամբ, նոր համակարգը կներդրվի մոտակա մի քանի ամսվա ընթացքում՝ տեղեկացրել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրենը։
«Թուրքիայի ֆինանսական համակարգի վրա արտասահմանյան կորպորատիվ ճնշման պատճառով «Միր» քարտերի սպասարկման հետ կապված խնդիրներ կան»,- ասել է Ալեքսեյ Եգարմինը։
Նա նշել է՝ Թուրքիան կարևորում է ռուսական զբոսաշրջային հոսքը, հետևաբար ավելի հարմար պայմաններ կստեղծի ռուսաստանցիների համար։ Եգարմինը նաև հավելել է, որ թուրքական հյուրանոցներում, ինչպես նաև մի շարք խանութներում այժմ հնարավոր է վճարել ռուբլով։
Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունից էլ հայտնել են, որ ղազախական բանկերը ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից «Միր» վճարային քարտերով գործարքներ իրականացնելու թույլտվություն են ստացել:
Գործակալության տվյալով՝ Վաշինգտոնը դեմ չէ, որ ֆիզիկական անձինք օգտագործեն ռուսական համակարգը կենսական կարևորության գործարքներ իրականացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ դրանք կվերահսկվեն՝ բացառելու հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերը։
ՉԺՀ-Ն ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Չինաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են զարգացնել գործակցությունը և համակարգումը պաշտպանության ոլորտում, ինչպես նաև պայքարել ահաբեկչության դեմ՝ ասված է Էր Ռիադում սաուդա-չինական գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։
Երկրները մտադիր են նաև ջանքեր գործադրել՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Կողմերը կոչ են արել Թեհրանին գործակցել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ, կատարել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Պեկինը ողջունել է Սաուդյան Արաբիայի դերը նավթի համաշխարհային շուկայի կայունության պահպանման գործում։ Հայտարարության համաձայն՝ էներգետիկ ոլորտում շփումների զարգացումը Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ռազմավարական գործընկերության առանցքային առաջնահերթություններից է։ Կողմերը նաև կակտիվացնեն գործակցությունը խաղաղ ատոմի և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտներում։