ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ:
«Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. դեկտեմբերին լրանում է Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սակայն, ցավոք, այս տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ երկու երկրների համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ այս ուղղությամբ ահռելի աշխատանք կա կատարելու:
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության լավագույն գործիքներից է բարեկամական խմբերի գործունեությունը և որպես առաջին քայլ` առաջարկել է քննարկել երկկողմ խորհրդարանական բարեկամական խմբեր ձևավորելու հարցը:
Սմաիլ Բենամարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս կողմ է արտահայտվել միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, ինչպես նաև մշակութային, կրթական, գիտական շփումներն ակտիվացնելուն:
Էդուարդ Աղաջանյանը դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը` կարևորելով կայուն խաղաղության հաստատումը:
Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության խթանման հարցը: