ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 275 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստել, որը ներառում է մեծ քանակությամբ զինամթերք և բարձր տեխնոլոգիական համակարգեր, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Աղբյուրների տվյալներով՝ ներկա փաթեթում ներառված են 80 հազար արկ հաուբիցների համար և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, անօդաչու թռչող սարքերի հակազդման և հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև HUMVEE զրահապատ ամենագնացներ, այլ ռազմական սարքավորումներ:
Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սպառազինությունների այս խմբաքանակը գումարով զիջում է նախորդներին։ Դա, ըստ հաղորդագրության, պայմանավորված է նրանով, որ ռազմական պաշտոնյաներն ու փորձագետները ենթադրում են ձմեռային շրջանում ռազմական գործողությունների մակարդակի նվազում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ն էլ պարզել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի փոփոխել է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված HIMARS համակարգերի ծրագրային ապահովումը: Մասնավորապես, հրթիռները ձևափոխվել են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել հեռահար արձակման համար։