ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ նիստում պատասխանեց պատգամավոր Սոնա Ղազարյանի այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը փորձում է հերքել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմով:
«Ինձ երբեմն թվում է, թե կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան: Բանակցություններին, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել: Կա արձանագրություն դրա մասին, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է:
Զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը: Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե ո՛րն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ:
Վերջին շրջանում մեր միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն ենք տեսել մեր գործընկերների կողմից այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները: Հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»,- ասաց Գրիգորյանը: