ՄԱԿ-ի հաստատած Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակվել է Արցախի խորհրդարանի առաջարկությունը: Այն ընթերցել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, բոլոր պետություններին և, ինչու չէ, նաև նրանց խորհրդարաններին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջարկում է դատապարտել Ադրբեջանի ներկայիս գործողությունները և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն:
Այնուհետև խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:
Արցախի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից կազատվեն ծառայության ընթացքում զոհվածների բոլոր զավակներն ու եղբայրները:
Սերգեյ Առստամյան (Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ) - Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, մահացած ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որը ընտանիքի միակ արու զավակն է և ունի ԱՀ ԶՈՒ-ում կամ այլ զորքերում, կամ ՀՀ-ի միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետություններում զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր, զորակոչվում է պարտադիր ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդում ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան զինվորական կոմիսարիատում:
Փոփոխությամբ օրենքը համապատասխանեցվում է ՀՀ օրենսդրությանը: Գործող տարբերակով արտոնությունից օգտվում էր միայն զոհվածի միակ արու զավակը: Քննարկումների ընթացքում հստակեցրել են նաև, որ արտոնությունից հրաժարված քաղաքացիներին պաշտպանության նախարարի որոշմամբ հնարավորություն կտան ընտրել ծառայության վայրը:
Օրինագիծն Արցախի ԱԺ-ն ընդունել է միաձայն: