Հայաստանը շուտով Ադրբեջանին կփոխանցի խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց՝ խաղաղության պայմանագրի տեքստն առաջինը փոխանցել է Ադրբեջանը, որը, ըստ հայկական կողմի, խաղաղության համաձայնագրի նման չի եղել:
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն այդ փաստաթուղթը դարձրել է շրջանակային խաղաղության համաձայնագիր՝ երկարատև խաղաղության հասնելու համար:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային համաձայնության գալ, թե ոնց ենք առաջ շարժվելու: Դա կլինի դելիմիտացիա, ապաշրջափակում, թե մնացած այլ հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների շրջանակներում:
Գրիգորյանը հերքում է մամուլում տարածվող տեղեկությունը, թե Արևմուտքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստ է առաջարկել:
Արմեն Գրիգորյան - Մեկն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունը, և մյուսն այն տեքստն է, որի վրա աշխատում ենք, որի մասին խոսում ենք, որ սկզբից Ադրբեջանը մեզ է տվել, մենք աշխատել ենք, տվել ենք Ադրբեջանին, հիմա իրենք են աշխատել, մեզ տվել, և մենք աշխատում ենք:
«Դեռևս վերջնական որոշում չկա՝ փորձ է արվելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծել այս խաղաղությա՞ն պայմանագրով, թե՞ ստեղծվելու է առանձին միջազգային մեխանիզմ»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը, սակայն Գրիգորյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն անուղղակիորեն խոսում է խնդրի մասին:
Արմեն Գրիգորյան - Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը երբ 5 կետերը գրել է, այդ 5 կետերից 3-ը Լեռնային Ղարաբաղի մասին են՝ առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու: Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա այն պետք է հստակ նշվի:
Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև Հայաստանի սահմանին տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ այն համարելով արդյունավետ:
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց՝ Հայաստանը կողմ է առաքելության ժամկետի երկարաձգմանը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան