ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Արցախից տեղահանվածների խնդրին:
Նախարարը նշել է, որ պարբերաբար հանդիպում է տարբեր շրջաններից տեղահանվածների հետ ու քննարկում հատկացված ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվող բնակարանների կամ հողակտորների ձեռքբերման գործընթացում առաջացած խնդիրները:
Ըստ Մկրտչյանի՝ բարձրացված հարցերը հիմնականում տեխնիկական են: Տեղահանվածների առաջարկներն ընդունելի են, խնդիրները՝ լուծելի: Դրանք կքննարկվեն ինչպես այլ գերատեսչությունների, այնպես էլ բանկերի ղեկավարների հետ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Օրինակ՝ մեր քաշաթաղցիների կողմից հարց էր բարձրացվել, որ իրենք արդեն իսկ ուսումնասիրել են տարբեր մարզերում հողակտորներ, օրինակ՝ հնարավորություն տանք, ենթադրենք, 10 միլիոն դրամի, 12 միլիոն դրամի, սահմանամերձ բնակավայրերն ավելի շատ են՝ 14 միլիոն դրամ մինչև, ինչ-որ մի հատվածը ուղղեն հողակտոր գնելուն, մյուս հատվածը՝ կառուցմանը. դա չկար ծրագրում:
Հեղինակ՝ Վահե Կոստանդյան