Դեկտեմբերի 7-ին Երևանում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանական և անվտանգային հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի, պաշտպանության, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, իսկ ամերիկյան կողմից՝ պաշտպանության քարտուղարության և պետքարտուղարության, ինչպես նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև առկա համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորություններին և համատեղ ծրագրերի իրականացմանը, կողմերը նախանշել են առաջնահերթությունները և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ: