Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից՝ ըստ ոլորտների իրականացված միջոցառումները:
Վարչապետին զեկուցվել է, որ 2022 թ. տարեսկզբից 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ, և ԷՆ գնահատմամբ՝ տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի 14 տոկոս:
Աշխատանք է տարվել հանրային ներդրումների կառավարման բարելավման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղություններով, կատարողականը 82 տոկոսից ավելի է: Կազմակերպվել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը: Ավարտին են հասցվում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը և տնտեսական բարդ ներդրումային չափանիշների մասին Կառավարության որոշման նախագիծը: Մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը:
Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրված տնտեսվարողների թիվը գերազանցում է 50-ը, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ: Ընթացքի մեջ է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներկայացրած՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Քննարկվում են ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, արտահանման ուղղություններով մի շարք ներդրումային ծրագրերի հնարավորությունները: Որակի ենթակառուցվածքների զարգացման առումով նախաձեռնվել են քննարկումներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում նաև միջազգային գործընկերների հետ:
Միջոցառումներ են իրականացվել աշխատանքի արտադրողականության խթանման ուղղությամբ: Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունների համար հասանելիություն է ստեղծվել՝ մինչև 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ և ձեռք բերել սարքավորումներ:
Պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը պահանջված է, և ներկա դրությամբ պորտֆելը կազմում է 42 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծրագիր միտված է արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելուն, որով նախատեսվում է աշխատավարձի սուբսիդավորում. արդեն կա 200 դիմորդ, ակնկալվում է հաջորդ տարվանից մեկնարկել գործընթացը: Նախաձեռնվել են բիզնես գործընթացների թվայնացման աշխատանքներ: ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով՝ մշակվում են ՓՄՁ-ների և կրթության, գիտության միջև կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր:
Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում աճ է արձանագրվել ՀՆԱ/ապրանքներ, ծառայություններ հարաբերակցության առումով (45 տոկոս): Աճ է գրանցվել նաև մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլն: Մշակվել է ՀՀ արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը:
Ընթացիկ ծրագրերի շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափով իրականացվել են արտահանման խթանման միջոցառումներ: Շարունակվել են ԵԱՏՄ և ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները:
Գյուղատնտեսության բնագավառում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ:
Հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023 թ. կմտնի իրականացման փուլ: Ինտենսիվ այգեգործության ծրագրով, 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա (ներառյալ այգեհիմնումը) ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: ԱԺ կողմից ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը, որով ՀՀ-ում սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը:
Մեկնարկել է կենդանիների համարակալման ծրագիրը, համարակալվել է շուրջ 100 000-ը: Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022 թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023 թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի: Շարունակվել է նաև ընթացիկ մի շարք այլ ծրագրերի իրականացումը և զուգահեռ՝ դրանց արդյունքային մշտադիտարկումը:
Մշակվել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունները, որոնք գտնվում են քննարկման/շրջանառության փուլում:
Ներկայացված զեկուցումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:
Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների՝ ներդրումային խոշոր նախագծերի ընթացքի, արդյունաբերական քաղաքականության, ոլորտային ինստիտուցիոնալ բազայի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Երկրի վարչապետը նշել է ներդրումային ծրագրերի ծախսարդյունավետություն/եկամտաբերություն հարաբերակցության ճիշտ գնահատման կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը և օժանդակել գործարար միջավայրի բարելավմանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը թույլ կտա հաջող իրականացնել նախանշված մի շարք ներդրումային ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև որակի ենթակառուցվածքների ստանդարտացման և հավատարմագրման գործընթացի պատշաճ իրականացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը, որը լուրջ գործոն է թե՛ արտահանման, թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ գործարարության խթանման առումով:
Քննարկման արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: