ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոսքը կասի նաև մեծահասակների պայքարում: «Այս տարիքում արդեն իսկ նշանակալի հաջողություններ եք գրանցել, բայց վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Ձեր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կամրապնդեք Ձեր տեղը նաև մեծահասակների պայքարում: Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»,- ասել է Գիլոյանը:
Էրիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ պետական աջակցությունն ինքը մշտապես զգացել է՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները: Տարեվերջին էլ աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ 18-ամյա բռնցքամարտիկը կպարգևատրվի 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում Իսրայելյանը կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
2022 թվականի արդյունքներով մարզիկին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլն 600 հազար դրամ: Արդեն 2023 թվականից Էրիկ Իսրայելյանի ամսական սպորտային նպաստի չափը կկազմի 200, իսկ անվանական թոշակի չափը՝ 240 հազար դրամ:
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և լուծում տալ առաջացած խնդիրներին:
Էրիկ Իսրայելյանը նոյեմբերին էր հաղթող ճանաչվել Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը նվաճել էր 2022 թվականի ապրիլին՝ Բուլղարիայում անցկացված մրցաշարում: