Թուրքիան վճռական է տրամադրված երկրի դեմ ահաբեկչական սպառնալիքները վերացնելու հարցում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նա ընդգծել է՝ Սիրիայում և Իրաքում Անկարայի գործողություններն ուղղված են Քրդստանի աշխատավորական կուսակցության և դրա սիրիական ճյուղավորումների դեմ:
Ամերիկյան կողմը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը և հայտնել է Սպիտակ տան դիրքորոշումը թուրքական իշխանություններին: Այս մասին էլ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ գործողությունը սպառնում է խաղաղ բնակչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարող ամերիկացի զինծառայողների անվտանգությանը: