Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ադրիեն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։
Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը: