Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նույն գումարտակի պարեկները, շարունակելով շուրջօրյա ծառայությունը, Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։ 17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։