Եվրոպական հանձնաժողովը հիասթափված է ԵՄ Խորհրդի ներքին գործերի նախարարների՝ Բուլղարիան և Ռումինիան Շենգենյան գոտում չներառելու որոշումից՝ չնայած Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ մի շարք երկրների համառ կոչերին: Այս մասին հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:
«Եվրահանձնաժողովը պետք է լավատեսություն պահպանի, մենք կշարունակենք ջանքերը, դա կլինի մեր առաջնահերթությունը։ Հուսով ենք հասնել այդ երկրների անդամակցությանը Շենգենյան գոտուն մինչև մեր մանդատի ավարտը», - ասել է Յոհանսոնը։
Նա ընդգծել է, որ, Եվրահանձնաժողովի կարծիքով՝ Բուլղարիան և Ռումինիան վաղուց արժանի են Շենգենյան տարածք մտնելուն:
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհուրդը ՆԳՆ ղեկավարների մակարդակով համաձայնեցրել է Խորվաթիայի միացումը Շենգենյան գոտուն, Բուլղարիայի և Ռումինիայի դեպքում նման որոշում չի կայացվել: