Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորման թեման՝ հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Տեղի կունենա կարծիքների փոխանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորման թեմատիկայի շուրջ, որոշում կընդունվի էներգետիկ ոլորտում անդամ երկրների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին»,- նշել է պաշտոնյան:
Ուշակովի խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին, բացի անդամ երկրների ղեկավարներից, կմասնակցեն Ուզբեկստանի վարչապետը, ինչպես նաև Կուբայի նախագահը, որը հանդես կգա տեսաուղերձով:
«Նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերի շուրջ անդամ պետությունների կատարած աշխատանքը, Միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա խորացման հեռանկարները։ Կոնկրետ հարցերից կնշեմ ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեության և զարգացման, արդյունաբերական ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման և ֆինանսավորման հարցերը»,- պարզաբանել է ՌԴ նախագահի օգնականը։
Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները կհամաձայնեցնեն անուղղակի հարկերի գանձման նոր կարգը, 2023 թվականի բյուջեն, հավանություն կտան փաստաթղթերի լայն շրջանակի, կանդրադառնան այլ արդիական հարցերի:
2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ռուսաստանին։