Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք:
Միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը:
Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ու տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:
Վարժանքին մասնակցել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 և 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Հրազդանի ՀՓՋ-ները, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը և ՔՊՈՒՀԿ հորատման խումբը:
Վարժանքի նպատակն էր կատարելագործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս: