ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ
Երևանում օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել: Պատճառներից մեկը շինարարությունն է և դրանից առաջացող փոշին՝ գործադիրի նիստին հայտարարեց վարչապետը՝ խոսելով շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու նախագծի մասին: Նախկինում՝ հայեցողական, իսկ այսուհետև պարտադիր պահանջ կդառնա, որ գնումների պայմանագրում նախատեսվեն, գործնականում էլ պահպանվեն կահավորման և աշխատանքի անվտանգության նորմերը՝ զեկուցեց փոփոխությունը հեղինակած ֆիննախի ղեկավարը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Հետայսու ցանկացած պետական մարմին, երբ շինարարական աշխատանքների պատվեր կտա իր գնման պայմանագրում, կնախատեսի պատասխանաոտվության միջոցներ այդ կանոնները պահպանելու համար և, կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, կնախատեսի համապատասխան կարգավորող միջոցներ: Դրանք կարող են լինել կասեցման կամ ֆինանսական տույժի կամ տուգանքների միջոցներ:
Խոսքն առայժմ, ըստ Խաչատրյանի, պետական գնումների մասին է, բայց այսքանով ստանդարտավորումը չի սահմանափակվելու: Շուտով Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխության առաջարկ էլ կբերեն, որ նորմատիվները պարտադիր դառնան նաև մասնավորի համար՝ պատվիրատու-կատարող հարաբերություններում:
Տիգրան Խաչատրյան - Մենք այս պահանջները կտարածենք ոչ միայն պետության գնումների շրջանակներում առաջացող հարաբերություններում, այլև կհետևենք պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, հիմք կստեղծենք տեսչական մարմինների համար մասնավոր-մասնավոր փոխհարաբերություններում, եթե այդ նորմերից շեղումներ արձանագրեն:
Ինչ վիճակում պետք է լինի բուն շինհրապարակը, ինչպես տարանաջատվի միջավայրից, ինչ տեսք պետք է ունենան աշխատողները. այս կարևոր հարցերում պետք է հետևողական լինել՝ շեշտեց վարչապետը: Նորմատիվների պահպանումը, ըստ նրա, ոչ միայն բնապահպանական, այլև անվտանգային, էսթետիկ ու սոցիալ-հոգեբանական նշանակություն ունի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարող է հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի շատ ժամանակ ու ուշադրություն չե՞նք տրամադրում այս մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցերին: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է, ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, ու ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումներն իրենք հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում, և ես կարծում եմ, որ, այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք և ոչ միայն սահմանենք, այլև հետևողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով:
Քննարկմանը Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը միացավ: Ղուլարյանի խոսքով՝ նախատեսում են նաև վարչական տուգանքի չափերը վերանայել, խստացնել:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Եթե ոչ մեծ խախտում է, դա նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով է տուգանվում, դա ստեղծում է վիճակը, երբ որ պետք է շինհրապարակ կարգի բերեն, և դրա վրա բավականին գումար պետք է ծախսվի: Դա չեն անում շատ դեպքերում և այդպես անընդհատ վճարում են այդ տուգանքները, որ հետագայում կրկնակիի դեպքում ավելի խիստ պատիժ չի ենթադրում:
1 ՄԼՐԴ 272 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 25 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Նախագիծն ընդունվեց միաձայն, տնտեսական մյուս փաթեթով էլ 1 միլիարդ 272 միլիոն դրամ հատկացրեց 25 սուբվենցիոն ծրագրին: 8 մարզի 16 համայնքում աշխատանքներն ավարտվել են, տարեվերջին ֆինանսավորման ակտիվ փուլն է, հետևաբար շաբաթական կտրվածքով հատկացումներ անելու կարիք է լինում՝ ասաց նախարար Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս որոշումն էլ եթե ընդունենք, մոտ 14.5 միլիարդ կլինի, որ Կառավարության մասնաբաժինը վճարվեց, իսկ ընդհանուր վճարումը 27 միլիարդից անցնում է՝ համայնք-Կառավարություն միասին:
Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացված աշխատանքները վարչապետը մանրամասնեց, սուբվենցիաներով գազի, խմելու ու ոռոգման ջրի, ճանապարհների բարեկարգման, բազմաբնակարանների մուտքերի, տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման հարցեր են լուծվել, ու սա միայն մի մասն է:
ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Օրակարգի վերջին հարցն իրավական էր. կձևավորվի Արտաքին հետախուզական ծառայություն, կլինի վարչապետին ենթակա մարմին: Սա, ի տարբերություն Պաշտպանության նախարարության ու ԱԱԾ նույնանման գործառույթներով ստորաբաժանումների, կլինի ոչ զինվորական: Ինչն, ըստ արդարադատության փոխնախարարի, հնարավորություն կտա նորաստեղծ մարմնում ներգրավել հանրային ծառայողների:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի Ազգային անվտանգության ծառայության գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին:
Փաթեթի կարևորությանը վարչապետն անդրադարձավ: Դինամիկ փոփոխվող աշխարհում՝ ասաց, պետք է ունեցած կարողությունները զարգացնել ըստ ժամանակի պահանջների: Ընդգծեց՝ նման՝ ոչ զինվորական մարմնի ստեղծումը Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մասն է:
Նիկոլ Փաշինյան - Ես հույս ունեմ, որ մենք այսպիսով էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները: Իհարկե, դա արագ տեղի չի ունենա: Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ այս որոշումով այս պահին մեր ունեցած ստատուս քվոն որևէ կերպ չենք խախտի: Այսինքն՝ այս պահի գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը, և դեռ մի բան էլ ավելին:
Նախագիծն ընդունվեց միաձայն, համարվեց անհետաձգելի և ուղարկվեց խորհրդարան: