Գյումրիում Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը Ամենափրկչի հրապարակում էր։ Մատուցվեց Սուրբ պատարագ։
Աղետից 34 տարի անց իշխանությունն ունի քաղաքական կամք՝ վերջնականապես լուծելու տնակների խնդիրը: Առաջիկա 5 տարվա աշխատանքային պլանով նախատեսվում է մինչև 2027 թ. Գյումրին մաքրել տնակներից։
Պետական ծրագրին զուգահեռ բնակարանաշինական և բնակապահովման մի քանի ծրագրի մասին բարձրաձայնեց Գյումրու քաղաքապետը։ Սամսոնյանը գերխնդիր է համարում օր առաջ տնակներից ազատվելը և ընդգծում՝ ինքը ևս ապրել է տնակում։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Ժամանակի ընթացքում շինությունները, փողոցները վերանորոգվել են, դեռ էլի կնորոգվեն, բայց մարդկային հոգեբանությունը և աղճատված հոգեբանությունը շատերի համար կորսված մանկություն էր: Յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա, սա չսպիացող վերք է։
Պետական հաջորդ ծրագիրը վթարային շենքերի մասով է. կիրականացվի ամրացման փուլային աշխատանք մինչև 2026 թվականը։
Գյումրու վերակառուցման տեմպը կպահպանվի նաև հաջորդ տարվա երկրորդ կեսին. կմեկնարկի Գյումրու Սլաբոդկա թաղամասի բարեկարգման-նորոգման ծրագիրը:
2023-ի համար նոր հավակնոտ ծրագրեր է քննարկում Գյումրու քաղաքապետարանը։ Ավելի քան 1000 աշխատատեղ ապահովող գործարան է կառուցվում Գյումրու Մսի կոմբինատ թաղամասում։ Հողհատկացում արդեն արել է քաղաքապետարանը։ Բազմաթիվ են ներդրողների հետաքրքրությունները Գյումրիում․ կառուցվում են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, հյուրատներ։