2022 թ. դեկտեմբերի 6-7-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն գլոբալ կոնֆերանսին։
Կոնֆերանսը միավորել էր կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 3000 մասնակցի և երկրների առաջնորդների։
Հայաստանից ներկա են եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես կոռուպցիայի կանխարգելման և պայքարի հարցում։
Կոնֆերանսի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ Հայաստանում ընթացող՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խթանելու շուրջ։