Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որին ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ու Փրկարար ծառայությունները: Նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Օրենքի ընդունվելու դեպքում Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն նաև Ոստիկանության կրթահամալիր և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ները:
Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավունքը ՀՀ վարչապետինն է՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ: Ոստիկանապետը, Փրկարար ծառայության և միգրացիոն ծառայության պետերը կլինեն ներքին գործերի նախարարի տեղակալները:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Ըստ էության, 5 հիմնական գործառութային ոլորտ ենք առանձնացնում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, որը գալիս է ոստիկանական բլոկից, աղետների ռիսկի կառավարում՝ սա գալիս է ԱԻՆ նախարարի բլոկից, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր:
Ուսումնասիրել ենք այս մարմինների գործառույթների ամբողջ փաթեթը ու որպես ուղենիշ ընտրել ենք այն սկզբունքը, որ ենթակա այս մարմինները կենտրոնանալու են հիմնական մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա, իսկ այն լիազորությունները, որոնք, ըստ էության, չեն կենտրոնանում բուն լիազորության վրա, կտեղափոխվեն նախարարության տիրույթ:
Հեղինակ՝ Անի Օհանյան