Յուրօրինակ տոնածառը հարսանյաց խանութ-սրահում է․ վաճառքի համար չէ։ Վաճառքինը ճերմակ զգեստներն են: Դրանց, նաև աքսեսուրաների գումարը սպառողից գանձելու ավանդական՝ կանխիկ տարբերակին զուգահեռ աշխատակիցը ցույց է տալիս. փողը նաև անկանխիկ եղանակով ընդունելու հնարավորություն ունեն։
ՊՕՍ-տերմինալ ունենալը հագուստ, սնունդ կամ բենզին վաճառող տնտեսվարողին պարտադրում է հուլիսից ուժի մեջ մտած՝ անկանխիկի մասին օրենքը։ Բացառություն են միայն կրպակները։ Նախորդ ամիսներին Պետեկամուտների կոմիտեն բիզնեսին ծանուցել-հիշեցրել է՝ տեղադրեք պահանջվող սարքերը։ Հորդորից հետո արդեն անցել են ստուգումների՝ ընթացիկ պատկերն է ներկայացնում Հարկային հսկողության պատասխանատուն։
Արթուր Հակոբյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ) - Մինչ օրս հրապարակվել է շուրջ 2400 ստուգման հանձնարարագիր, առայժմ արձանագրվել է 887 խախտում՝ ընդհանուր 226 մլն դրամ տուգանքի գումարով:
Տուգանվածները տարբեր ոլորտի մեծ ու փոքր ընկերություններ են՝ համակարգչում պատահական մի ստուգման հանձնարարագիր է բացում Արթուր Հակոբյանը։
Տնտեսվարողները՝ անհատ ձեռներեց, կազմակերպություն, հիվանդանոց, բուհ թե խանութ, 5 ամիս ժամանակ ունեին անկանխիկ վճարման հնարավորություն ապահովելու համար, բայց երկրում այս պահին մոտ 1400 հարկ վճարող ոչ միայն սարք չունի դեռևս, այլև այն ձեռք բերելու նպատակով նուjնիսկ բանկերին կամ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգին չի դիմել։ Դիմում գրած 31 հազարին, օրինակ, այս փուլում չեն անհանգստացնի, մնացածին՝ գործարքների քանակից-շրջանառությունից անկախ, մինչև տարեվերջ Հարկայինը ստուգելու է։
Արթուր Հակոբյան - Ստուգումներ իրականացվելու են բոլոր կազմակերպություններում՝ առանց բացառության բոլոր այն կազմակերպություններում, որոնք պետք է ապահովեին օրենքի պահանջը և չեն ապահովել՝ կապ չունի՝ շրջանառության չափ, մարզեր և այլն, և այլն:
Անկանխիկի մասին օրենքի խախտում է համարվում նաև՝ գործարքի մասնատումը, երբ սահմանված 300 հազար դրամ շեմը գերազանցող գումարի դեպքում, ասենք՝ հյուրանոցը տուրիստի 10 օրվա կացության գումարը 5-6 օրով փորձի գանձել, կամ շինարարական ընկերությունը ծախսերը բաժան-բաժան անի՝ օրինակներ է թվարկում ՊԵԿ-ի ներկայացուցիչը։
Արթուր Հակոբյան - Սա վերաբերում է այն դեպքերին, երբ փորձում են մեկ վճարման վճարումներն իրականացնել մաս-մաս: Օրինակ՝ հնարավոր է՝ կահույքը ձեռք բերվի մասերով, կամ ամբողոջությամբ ձեռք բերելու դեպքում վճարումն իրականացվի մաս մաս՝ ցանկացած վճարում՝ լինի ծառայություն կամ ապրանք:
Տուգանքը, որով Հարկայինը կարող է պատժել անկանխիկի մասին օրենքը խախտողներին, 300 հազար դրամ շեմը գերազանցող գործարքների դեպքում կանխիկ վճարած գումարի 5 տոկոսի չափով է՝ բայց ոչ ավելի, քան 2 մլն, և ոչ պակաս, քան 500 հազար դրամ։ Իսկ այն հարկ վճարողը, որ պարտավոր էր ստեղծել, սակայն չունի քարտով գանձում ընդունելու հնարավորություն, կտուգանվի 300 հազար դրամով։